Իրականում Աստվածաշնչի կարիք մենք պետք է չունենայինք, այլ առաքյալների նման սուրբ կյանքով պիտի ապրեինք, որ գրերի փոխարեն Հոգու շնորհը մեր մտքին սատարեր: Առաքյալները, Ավետարանի բանավոր խոսքով պատմելով, չէին կամենում այն գրի առնել, ինչպես Մովսեսի միջոցով Աստված՝ քարե տախտակների վրա, որովհետև կամենում էին, որ իրենց խոսքը լսողները իրենց օրինակով այն գրեն սրտի տախտակների վրա՝ Սուրբ Հոգով: Բայց քանի որ ոչ ոք չմաքրվեց առաքյալների չափ, ուստի Հոգու շնորհն էլ կատարելապես չընդունեց: Այս պատճառով էլ քարոզված խոսքերը մոռացվում էին, նաև փոխվում և հավատացյալները առաքյալներին խնդրեցին գրով ավանդել իրենց այն, ինչ բանավոր խոսքով նրանք սովորեցնում էին: Եվ նրանք գրի առան, սակայն ոչ ամենքը, այլ ովքեր Տիրոջից հրաման ստացան ավետարանիչ լինելու՝ ըստ Պողոսի. «Նա ոմանց առաքյալներ կարգեց, ոմանց՝ ավետարանիչներ» (Եփես. 4.11):
Իսկ այն, որ առաջին ճանապարհը շատ ավելի լավ էր, Աստված դա ցույց տվեց խոսքով և գործով: Իրոք, Աստված Նոյի, Աբրահամի, Մովսեսի և շատ ուրիշների հետ խոսում էր ոչ թե գրվածքների միջոցով, այլ անմիջականորեն, քանի որ նրանք մաքուր միտք ունեցող անձնավորություններ էին: Քրիստոս առաքյալներին էլ որևէ գրված բան չտվեց, այլ գրի փոխարեն խոստացավ Հոգու շնորհները. «Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ» (Հովհ.14.26): Եվ որպեսզի դու իմանաս, որ շփման այս կերպը շատ ավելի լավն է, լսի՛ր, թե ինչ է ասում Աստված մարգարեի բերանով. «Ահավասիկ օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ նոր ուխտ եմ կապելու Իսրայելի տան հետ և Հուդայի երկրի տան հետ... Իմ օրենքները նրանց մտքի մեջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մեջ եմ գրելու... Եվ ամենքը Աստծուց ուսած կլինեն» (Երեմ.31.31-33): Եվ Պողոս առաքյալը նույնպես, ցույց տալով այս տեսակ շփման առավելությունը, ասում էր. «Հայտնի էր որպես Քրիստոսի թղթեր... գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծո Հոգով, ոչ թե քարեղեն տախտակների վրա, այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա» (Բ Կորնթ. 3.3): Բայց քանի որ ժամանակի ընթացքում մարդկանց մի մասը խոտորվեց իրական ուսմունքից և իր վարքով էլ հեռացավ մաքուր կյանքից, ուստի կրկին կարիքն ունեցավ գրավոր ուղղորդման:
ՈՒշադիր քննենք, թե ինչպես տրվեց Հին օրենքը կամ երբ և որտեղ: Հայտնի է, որ այն տրվել է եգիպտացիների սատակումից հետո, անապատում՝ Սինա լեռան վրա՝ կրակով, ծխով, մրրիկով և մեգով (Ելք. 19): Իսկ Նոր կտակարանը չտրվեց ծխով կամ խավարով, այլ երևաց օրվա լուսանալուն պես, տան մեջ, որտեղ բոլորը միասին, լռության մեջ, միասիրտ աղոթում էին: Որովհետև խստապարանոց ժողովրդին ահարկու տեսարանն էր վայել, իսկ հոգևոր ու բարձրագույն անձինք՝ առաքյալները, նման բաների կարիք չունեին: Իսկ երկնքից հնչած ձայնը և առաքյալների լեզուներով խոսելը ոչ թե առաքյալների համար էր (Գործ.2.2-6), այլ այն բազմության, որ հավաքվեց նրանց շուրջը: Իսկապես, եթե այդ խստասիրտ անձինք այդ ամենին ականատես լինելուց հետո անգամ «ծաղրելով ասում էին՝ նոր գինուց հարբած են» (Գործ 2.13), ապա ինչեր չէին ասի, եթե ոչինչ եղած լիներ: Հին ուխտում Աստված իջավ, երբ Մովսեսը լեռը բարձրացավ, իսկ Նորում մեր բնության՝ երկինք բարձրանալուց հետո, այսինքն՝ մեր մարդկային բնությունն առած ու մարդացած Աստվածորդու համբարձումից հետո իջավ Սուրբ Հոգին, ՈՒմից իմաստությամբ լցվելով՝ առաքյալները գրեցին Նոր կտակարանը: Իսկ ինչո՞ւ այն կոչվեց Ավետարան: Այդ անունը ստացավ ըստ գործերի նմանության, որովհետև աշխարհին ավետիս է տալիս, որ Աստված երկրում է, և մարդիկ՝ երկնքում, հրեշտակները մարդկանց բանակից են, և մարդիկ՝ հրեշտակներին հաղորդակից, երկարատև պատերազմին վերջ տալով ու թշնամուն ամաչեցնելով՝ եկել-հասել է ճշմարտությունը և խոսքով ու գործով սերմանել ամենուրեք աստվածապաշտության քարոզությունը: Այս ամենի պատճառով է այս պատմությունն Ավետարան կոչվում: Բայց ինչո՞ւ` կհարցնես դու, այդքան աշակերտներից գրում են միայն երկուսը և Պողոսի ու Պետրոսի աշակերտները: Մի՞թե ավետարանիչներից միայն մեկը չէր կարող գրել ամբողջը: Իհարկե, կարող էր, բայց երբ գրում են չորսը, այն էլ տարբեր ժամանակահատվածներում ու վայրերում, միմյանց հետ պայմանավորվածություն չունենալով և այդուհանդերձ գրում են այնպես, կարծես միևնույն շուրթերից դուրս եկած լինի ամենը, ապա դա ճշմարտության մեծագույն ապացույց է: Նշենք, որ Մարկոսն ու Ղուկասը յոթանասուներկու աշակերտների թվից էին, այլ ոչ թե տասներկու առաքյալների, սակայն, քանի որ Հոգու իմաստությամբ ընտիր էին, Աստված կամեցավ, որ որոշ ժամանակ անց նրանք երևելի դառնան, ինչպես և Պողոսը գրում է Ղուկասի մասին. «Նրա գովեստը տարածված է բոլոր եկեղեցիներում ավետարանի գործում» (Բ Կորնթ. 8.18), իսկ Պետրոսն էլ Մարկոսին «որդի» և «ընտրելակից» է կոչում (Ա Պետր. 5.13): Եվ այնուամենայնիվ կասես՝ ավետարանիչները շատ տեղերում իրար հակասել են: Պատասխանենք, որ դա նույնպես ճշմարտության մեծ ապացույց է, որովհետև եթե ամեն ինչ նույն կերպ գրած լինեին, թշնամիներից ոչ ոք չէր հավատա, թե տարբեր վայրերում ու ժամանակներում են գրել: Այլ կասեին, թե մի վայրում հավաքվելով ու համաձայնության գալով գրեցին ինչ կամեցան: Իսկ կարծեցյալ սակավաթիվ անհամաձայնությունները կասկածից ազատում են նրանց, ովքեր համաձայնությունն անխախտ են պահում գլխավոր բաներում, այսինքն՝ Քրիստոսն Աստված էր և մարդ դարձավ, հրաշքներ գործեց, խաչվեց, թաղվեց, հարություն առավ, երկինք համբարձվեց և երկրորդ անգամ ևս գալու է՝ դատելու երկիրը: Իսկ երբ մեկը Նրա հրաշքներից կամ խոսքերից սա է ներկայացնում, մյուսը՝ նա, բնավ մի՛ շփոթվիր, որովհետև եթե ավետարանիչներից միայն մեկն ասեր ամեն ինչ, մնացածի շարադրանքն ավելորդ կլիներ: Այդ պատճառով էլ մեծավ մասամբ նույնը ներկայացրին, իսկ սակավաթիվ բաներով էլ տարբերվեցին, որպեսզի ավելորդ ու իզուր չհամարվեին չորսի գրածները:
Առաջինը Մատթեոսը գրեց՝ հրեաների համար: Այնուհետև Մարկոսը՝ ալեքսանդրացիների համար, խոնարհ ու համառոտ շարադրանքով, իր ուսուցիչ Պետրոսի նման: Ղուկասը գրեց հռոմեացիների համար՝ ծավալուն շարադրանքով, ինչպես իր ուսուցիչ Պողոսը, ով նման էր գետի հորդ հոսանքի: Իսկ Հովհաննեսը գրեց ասիական նահանգների համար՝ Պատմոս կղզուց հեռանալուց հետո: Սրանք միայն չորսն են և ո՛չ ավելի կամ պակաս, պետք է իմանանք, որ այս մասին նույնպես Հոգին նախապես հայտնել էր օրինակներով: Նախ՝ Եդեմից ելնող չորս վտակներով, որովհետև ինչպես նրանք են ոռոգում ու զովացնում աշխարհը տապի ջերմությունից, այդպես էլ ավետարանիչներն աշխարհի չորս կողմում Սուրբ Հոգու բխմամբ և Ավազանի ջրով հանգցրին մեղքերի բոցը:
Եզեկիելի տեսած քառադեմ կառքը նույնպես խորհրդանշում է չորս ավետարանիչներին: Մարդու դեմքը խորհրդանշում է Մատթեոսին, որովհետև վերջինս Խոսքի մարդեղությունից սկսեց և Նրան ներկայացրեց իբրև Դավթի և Աբրահամի որդի: Եվ ինչպես որ մարդու դեմքն առաջինն էր կառքի կենդանիների մեջ, այդպես էլ ավետարանիչների մեջ Մատթեոսն առաջինը կարգվեց: Առյուծի դեմքը խորհրդանշում է Մարկոսին, ով արագորեն է շարադրում ավետարանական պատմությունը և անմիջապես ներկայացնում Հիսուսի Հորդանանից ելնելը: Ցուլի կամ եզան դեմքը խորհրդանշում է Ղուկասին, որովհետև վերջինս Աստծո Որդու սպանությունը նմանեցնում է պարարտ եզի մորթվելուն: Եվ արծիվը խորհրդանշում է ճշմարիտ գիտությունը, նաև Հովհաննեսին, առաջին աստվածաբանին, ով արծվի նման սլանալով դեպի աստվածային բարձունքները, Ավետարանը սկսեց անսկիզբ Հորից անսկիզբ ծննդով: Ավետարանիչները չորսն են նաև մեկ այլ խորհրդով: Օրենքը մեկ մարդու համար հրամայում է երեք մարդ կարգել (Բ Օրինաց 17.6, 19.15), իսկ քանի որ Քրիստոս և՛ մարդ էր, և՛ Աստված՝ լինելով մեկ անձ, Նրա վկաները չորսը պետք է լինեին, երեքը՝ Նրա մարդեղության համար, չորրորդը՝ աստվածության հետ Նրա մարդկության միավորման: Այս խորհրդով էլ ավետարանիչներից երեքը սկսում են Նրա մարդկությունը ներկայացնելուց, իսկ չորրորդը՝ Նրա անժամանակ աստվածությունը: Նաև, քանի որ Քրիստոսի աստվածությունը հայտնի դարձավ Նրա մարդանալով, այդ պատճառով էլ սկզբում դրվեցին այն Ավետարանները, որոնք սկսում են Նրա մարդեղությունից: Այլև, ինչպես արդեն ցույց ենք տվել, Ավետարաններն այսպես դասավորվել են սկզբում և հետո գրվելու, այսինքն՝ գրության ժամանակի պատճառով: Օրինակ՝ Ղուկասը նշում է իր գրելու պատճառը՝ «կամեցա կարգով քեզ գրել, ո՛վ գերազանցդ Թեոփիլե, որպեսզի ճանաչես ճշմարտությունն այն խոսքերի, որոնց աշակերտեցիր» (Ղուկ.1.3-4), այսինքն՝ որ համոզվես այն բանում, ինչ քեզ սովորեցրել են, և ամուր լինես այդ վստահության մեջ: Հովհաննեսը լռում է իր Ավետարանը գրելու պատճառի մասին, բայց, ըստ ավանդության, նա էլ առանց պատճառի չի գրել: Քանի որ առաջին երեք ավետարանիչները ներկայացրել են Քրիստոսի երկրային կյանքի պատմությունը, ապա վտանգ կար, որ Նրա Աստված լինելը կարող է այդպես էլ քողարկված մնալ: Եվ Հովհաննեսը, ի տարբերություն մնացած երեք ավետարանիչների, իր Ավետարանը չի սկսում երկրայինից, այլ՝ երկնայինից. «Սկզբից էր Բանը և Բանը Աստծո մոտ էր և Բանը Աստված էր» (Հովհ.1.1): Ինչպես վերը նշեցինք, Մատթեոսը սկսում է իր բանավոր խոսքը գրի առնել հավատացյալ հրեաների խնդրանքով: Այդ է պատճառը, որ ավելին ցույց չի տալիս, քան Քրիստոսի ծնունդը Աբրահամից ու Դավթից: Մինչդեռ Ղուկասը, ով գրում էր բոլորի համար, Քրիստոսի ազգաբանությունը ավելի վեր է հանում՝ հասնելով մինչև Ադամ: Մատթեոսը սկսում է Քրիստոսի ծնունդով, քանի որ հրեայի ուշադրությունը ոչինչ այնքան չէր գրավի, որքան լսելը, որ Քրիստոս Աբրահամի ու Դավթի սերնդից է: Իսկ Ղուկասն այդպես էլ չի սկսում, այլ շատ այլ դեպքերի մասին խոսելուց հետո միայն հասնում է ազգաբանությանը:
Այժմ քննենք, թե արդյոք չորս Ավետարանները հակասում են միմյանց: Իհարկե ոչ, և դրա ապացույցն է ոչ միայն այն հանգամանքը, որ այն այդքան տարածում գտավ և ընդունվեց, այլև դրա ապացույցը կարող ենք գտնել Ավետարանի ճշմարտության թշնամիների մոտ: Ավետարանիչներից հետո շատերը եկան, ովքեր սովորեցնում էին հակառակ նրանց: Մի մասը վերցնում էր բոլոր չորս ավետարանները ու քարոզում հակառակ դրան, իսկ մյուս մասը ավետարաններից ընդունեց միայն այն մասերը, որոնք, ըստ իրենց, իրար մեջ հակասություն չունեին: Արդ, եթե ավետարանիչները իրար հակասեին, ապա առաջին` նրանց թշնամացածների առաջին կեսը չէր «ընդունի» ամբողջը և քարոզի դրան հակառակ, այլ կընտրեր ամբողջից միայն այն հատվածները, որտեղ իբր չկան հակասություններ և կքարոզեր միայն հակառակ դրան, քանի որ առանց այն էլ իրար հակասող բաների դեմ քարոզելը ժամանակի վատնում կլիներ: Ինչից պարզ երևում է, որ անգամ հերձվածողների առաջին մասն ավետարանների միջև հակասություն չի նկատել: Երկրորդ` նրանց թշնամացածների երկրորդ կեսը, որոնք ընդունում են ավետարանների միայն որոշ մասը, հենց այդ մասով էլ մերկացված չէին լինի, քանի որ ավետարանիչների բոլոր գրվածքները սերտաճած են մեկը մյուսին: Նման այն բանի, երբ վերցնում ենք կենդանու ազդրի մի հատված, որտեղ առկա են ճարպ, ոսկոր, նյարդեր, երակներ, արյուն, մի խոսքով` այն ամենը, ինչից բաղկացած է ողջ մարմինը, նույն կերպ էլ տեսնում ենք, որ Գրքում գրված ամեն հատված ցույց է տալիս իր նմանությունը ամբողջի հետ: Իրականում ավետարանիչներն իրար չեն հակասել: Եթե դու նրանց մեղադրում ես տարաձայնության մեջ, ապա ստիպում ես նրանց խոսել միևնույն բառերով: Էլ չենք խոսում այն մասին, որ շատ իմաստուն հռետորներ և փիլիսոփաներ, նույն թեմայի շուրջ գրքեր գրելիս, ոչ միայն տարբերություններ են ունեցել իրենց աշխատություններում, այլև հակասել են միմյանց: Բայց ավետարանիչներին նրանց հետ չհամեմատենք, այլ հարց տանք, թե այդ ինչպե՞ս եղավ, որ տարակարծիք ուսմունքը հավանության արժանացավ: Եթե ավետարանիչները հակասում էին իրար, ապա ինչպես հաղթանակած դուրս եկան այս վիճակից՝ արժանանալով մարդկանց հավատին ու գովասանքին: Չէ՞ որ նրանց քարոզներին շատերն էին ներկա, այդ թվում` նրանց թշնամիներն ու հակառակորդները: Գրելով Ավետարանները, նրանք այն չպահեցին մի անկյունում, այլ տարածեցին աշխարհով մեկ: Եվ զարմանալու բան չկա, քանի որ աստվածային զորությամբ էին ուղղորդվում, հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էին մաքսավորն ու հասարակ ձկնորսն այդչափ իմաստուն բաներ ասել: Ինչի մասին ժամանակին չէին էլ կարողացել պատկերացնել հեթանոս իմաստասերները, սրանք քարոզում էին երկնայինի մասին, առաջարկում են մեզ մեկ ուրիշ կյանք և այլ ապրելակերպ, հարստության ու աղքատության այլ գաղափարներ, մարդկանց պատկերացրածից տարբերվող ազատություն ու ստրկություն, ուրիշ կյանք ու մահ՝ ամեն բան նոր: Նրանք կյանքի կանոնները սովորեցնում էին ոչ այնպես, ինչպես աշխարհի իմաստունները, որոնք միշտ հղանում էին, բայց անկարող ծնելու: Եվ այս չակերտավոր իմաստունները, ի տարբերություն ավետարանիչների, իրենցը չէին գրում աքսորի, բանտարկության ու մահու չափ վտանգների մեջ: Սակայն հենց այս ձկնորսների քարոզը, որոնք այդչափ զրկանքների մեջ էին, հավանություն ստացան ոչ միայն հասարակ մարդկանց կողմից, այլև իմաստունների ու ազատների, բարբարոսների ու զարգացած հույների կողմից:
Հրապարակման պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ